ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

«Ենթականերին թույլ չեմ տալիս, որ գան-գնան, պետք չի, ճիշտ չի, իմաստ չունի»

«Ենթականերին թույլ չեմ տալիս, որ գան-գնան, պետք չի, ճիշտ չի, իմաստ չունի»
22.12.2015 | 00:44

ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ (ՀՀ գյուղնախարար)

-Պարոն Կարապետյան, եկեք անկեղծ լինենք և «խոստովանենք», որ Ձեզ համար «ա՜խ, երնեկ էս Նոր տարին» իսկապես` «մե՜ քեֆ, մե՜ ուրախություն» է, չէ՞, քանզի գյուղատնտեսությունն ուղղակի լվաց, մաքրեց, արդուկեց մեր հայրենի և անմոռաց կառավարության երեսը, դրեց «վիտրինայում»` յուր գրանցած գրեթե «տիեզերական աճով», եթե չեմ սխալվում, տասը տոկոս, այնպես չէ՞:
-Ո՛չ, 10,6 տոկոս: Ընդ որում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:
-Բա դե` տեսնում եք. փաստորեն, ոչ թե լվացել, այլ լողացրե՜լ եք հայրենի կառավարությանը, մանավանդ եթե` «համեմատությամբ»: Սակայն դեռ «կարևորի» մասին. ինչպե՞ս եք դիմավորելու Նոր տարին: Անձնապե՛ս:
-Շատ բարձր տրամադրությամբ. ընդհանրապես ասում են` ոնց տարին դիմավորում ես, էդպես էլ շարունակվում է: Նոր տարին նորացում է բերում, ինչը բոլորիս պետք է: Իհարկե, երկրում խնդիրները շատ են, մտահոգիչ հարցերը նույնպես շատ են, բայց ես բարձր տրամադրությամբ եմ մտնում Նոր տարի, որպեսզի եկող տարին ավելի լավը լինի. ոնց ասում են` մեծ նպատակներ պետք է դնես, որ դրանք կատարվեն:
-Փաստորեն, մեծ նպատակներ էիք դրել այս տարի:
-Այո:
-Այ, այ, այ. և ո՞ւր են նայում մեր կառավարությունում «այլք». ոչ մի մեծ նպատակ, ոչ մի աճ` փաստորեն: Բայց, պարոն Կարապետյան, մի պահ մոռացեք «երկիրը»` հողն ու դաշտերը, նպատակները, թողեք դրանք Աստծուն, մենք դեռ` «նուրբ» հարցերից. որտե՞ղ եք անցկացնում Նոր տարին:
-Ավանդաբար և միշտ` Հայաստանում. ավանդաբար և միշտ` ընտանիքիս հետ:
-Ի՞նչ եք դնում սեղանին, «ինչպե՞ս եք դնում, ումո՞վ եք դնում»:
-Ավանդական հայ ընտանիքում ինչ ընդունված է, դա է լինում մեր սեղանին:
-Տեղակա՞ն արտադրության. առանց «կոկորդիլոսի-դրակոնի-դինոզավրի՞»:
-Միայն, միայն տեղական արտադրանք. համ էկոլոգիական են, համ համով են ու, որ ամենակարևորն է, մեր երկրում են արտադրված:
-Եվ ովքե՞ր են այցելում Ձեզ:
-Ես, ճիշտն ասած, իմ ենթականերին, դե արդեն հինգ տարի աշխատում եմ, թույլ չեմ տալիս, որ գան-գնան, պետք չի, ճիշտ չի, իմաստ չունի, մի քիչ ձևական-բյուրոկրատական բան կա էդ ամենի մեջ. միայն իմ հարազատներն են գալիս, ես եմ գնում:
-«Վերևների՞ն» էլ եք այցելում:
-Ոչ, ոչ, ոչ: Չեմ այցելում:
-Բա չե՞ն նեղանում:
-Չէ՛, չկա նման ավանդույթ: ՈՒ կարծում եմ` դա նույնպես ճիշտ է: Համ էլ, որ անկեղծ` լրագրողներդ էդտեղից էլ մի բան կհանեիք-կսարքեիք, չէ՞:
-Երբե՛ք: Լրագրողներս «չմտնել» մատի ու մատանու արանք: Լրագրողներս լինել «պաղտիզան»: Իսկ Ձեր բիզնես պարտնյորին` համատեղությամբ կառավարության անմիջական ղեկավարին, այցելում-շնորհավորո՞ւմ եք, պարոն Կարապետյան:
-Չէ, իսկապես ես ոչ մեկին չեմ այցելում. ընտանիքիս, զավակներիս հետ եմ անցկացնում. ամենամոտիկ հարազատներիս մոտ եմ լինում` քրոջս, մտերիմ բարեկամներիս:
-Իսկ Ձյունանուշ գալի՞ս է Ձեր տուն:
-Անպայմա՛ն:
-Սիրո՞ւմ եք նրան:
-Շա՜տ: Նվերներ են բերում Ձմեռ պապի հետ:
-Ձյունանուշի՞ն եք սիրում ավելի շատ, թե՞ Ձմեռ պապին:
-Ձյունանուշին (ծիծաղում է- հեղ):
-Խմո՞ւմ եք այդ գիշեր:
-Իհարկե խմում եմ:
-Մինչև ի՞նչ աստիճանի:
-Կյանքում չեմ հարբել, բայց խմում-վերջացնում եմ:
-Է՜հ, պարոն Կարապետյան, մի անգամ խմեք-հարբեք, մանավանդ առիթ ունեք. Ձյունանուշը նկատի չունեմ, այլ տասը տոկոս աճը, հո ամեն անգամ նման բան չի՞ լինում:
-10,6 տոկոս:
-Առավե՜լ ևս. «ֆայտոն նստած անցե՜ք քուչով ու բաց եղե՜ք մինչև էգուց»:
-Չէ՛, մինչև էգուց չեմ կարող… խմում եմ իմ չափի մեջ, առանց էքսցեսների ու ֆայտոնի:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2298

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ